Հայտնաբերվել է մեթամֆետամինով 56 փաթեթ
Ոստիկանության հաղորդմամբ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին տեղեկություններ, համաձայն որոնց՝ 29-ամյա օտարերկրացի տղամարդը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ապօրինի ձեռք է բերում և իրացնում է թմրամիջոցներ։
Երևանի Թամանցիների փողոցին հարակից տարածքում քրեական ոստիկանները ձերբակալել են կասկածվող տղամարդուն և նրան տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սև ժապավենով 23 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 56 գրամ քաշով։ Տղամարդու փոխանցմամբ՝ փաթեթներում եղել է մեթամֆետամին, որը նա ձեռք էր բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ հետագայում տարբեր վայրերում տեղադրելու և իրացնելու նպատակով։
Իրավապահները տարբեր թաքստոցներում հայտնաբերել են նույն անձի կողմից տեղադրված ևս 33 փաթեթ։ Հայտնաբերված թմրամիջոցի ընդհանուր քաշը գերազանցել է 87 գրամը։
Քաղաքացին կալանավորվել է։

