Էռնեստ Սողոմոնյանի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը դատարանում է
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։
Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջ է ներկայացրել՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու մի շարք ակտիվներ։
Մասնավորապես՝ պահանջվում է բռնագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 236 միլիոն դրամ։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ։

