ՀայաստանՍոցիալական

Սահմանվել են անհատական տեղաշարժման միջոցներով երթևեկության կանոնները

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով կկանոնակարգվի անհատական տեղաշարժման (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլն) միջոցներով երթևեկությունը։

Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մասնավորապես՝

  • անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։ Անհատական տեղաշարժման միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, վերջիններիս բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում:
  • անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
  • արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող բեռի, օրինակ՝ ուսապարկ):
  • երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
  • երթևեկության պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է նաև «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։

Վերջին տարիներին անհատական տեղաշարժման «ինքնագլոր» միջոցով երթևեկության պատճառով տարբեր վնասվածքներով հիվանդանոց դիմել են և՛ վարող անձինք, և՛ հետիոտներ։ Անցած տարի եղել է զոհ։

2022 թվականին «Հերացի» վերլուծականն ամփոփել էր ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները։ Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները եղել են չափահաս։