Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ է ճանաչել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում իրականացված խուզարկությունը։
Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով թույլատրվել էր խուզարկություն կատարել բժշկական կենտրոնի տնօրենի աշխատասենյակում։ Դատարանը փաստացի արձանագրել է, որ իրականացված խուզարկությունը չի համապատասխանել օրինականության պահանջներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի վաղ առավոտյան քննչական մարմինները խուզարկություններ էին իրականացրել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի և տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում։
Քննչական գործողությունները կապված էին առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ։ Ըստ վարույթի նյութերի՝ ենթադրվում է, որ բժշկական կենտրոնը 2015–2025 թվականներին իր կարիքների համար բժշկական պարագաներ և այլ ապրանքներ ձեռք է բերել Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով՝ չնայած դրանք ավելի ցածր արժեքով ձեռք բերելու հնարավորություն է ունեցել ներմուծող կամ արտադրող ընկերություններից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հոկտեմբերի 8-ին։ Նախաքննությունը շարունակվում է։

