Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրենն ու տեղակալը մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու և անգործություն դրսևորելու համար, իրենց ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խմբի կազմում կաշառք են ստացել։

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին նախապես տեղեկացել է քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից, որ իր որդին պետական քննությունը ձախողել է։ Դրանից հետո նախնական պայմանավորվածությամբ նա որդուն օգնելու և պետական քննությունից դրական գնահատական ստանալու նպատակով քոլեջի տնօրենին և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին փոխանցել է 500 ԱՄՆ դոլար կաշառք։

Բացի այդ,՝ նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև նույն քաղաքացու կողմից որդու օգտին ապօրինի գործողություն կատարելու մեկ այլ դեպք։ Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով վերջինս 2025 թվականին դիմել է Երևանի բնակչի, ով վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400 հազար ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով կարող է կազմակերպել նշված գործընթացը։ Քաղաքացին համաձայնել է այդ առաջարկին։

Սակայն հետագայում պարզվել է, որ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստացած անձը այն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը՝ կաշառք տալն ավարտին հասցնել։

Խմբի կազմում կաշառք ստանալու համար «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել։

Մարինա Գրիգորյան