Դատարանը մերժեց «Տաշիր կապիտալի» հայցը ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ

Դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցը, որը վերաբերում էր ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցմանը: Այս մասին հաղորդեց ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը:

Նա պարզաբանեց, որ դատական նիստերի ընթացքում փաստաբանական թիմը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստարկներն ու հիմնավորումները, սակայն դատարանը որոշել է հայցը չընդունել։ Վարդան Ալոյանը հավելեց, որ դատարանի որոշումը կազմված է 190 էջից, ուստի այս պահին անհնար է կարճ մեկնաբանություն տալ դրա մասին:

Փաստաբանները ծրագրում են դիմել ՀՀ Վերաքննիչ դատարան, սակայն այս ատյանում դատական առաջին նիստը կարող է տեղի ունենալ միայն 2027 թվականի հունիս–հուլիս ամիսներին։ Ալոյանը նշեց, որ առաջին ատյանում դատավորը սահմանափակված է ժամկետով, իսկ Վերաքննիչ դատարանում ժամանակի առումով որևէ սահմանափակում չկա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունեց օրենքների փաթեթ, որը նախատեսում է ՀԷՑ-ի պետականացում։ Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է պետականացվի, և նախազգուշացրեց այն աշխատակիցներին, որոնք չեն համագործակցում պետության հետ։ Հունիսի 24-ին նա հայտնեց, որ պետականացման պլանը պատրաստ է:

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո սկսված գործընթացներն այս ընթացքում շարունակվել են՝ ուղղված ՀԷՑ-ի պետականացման և ընկերության կառավարման կարգավորման համար: