Չարենցավանի դատարանում ծեծկռտուք է եղել․ կա վիրավոր

Չարենցավան քաղաքի դատարանում այսօր միջադեպ է տեղի ունեցել՝ ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև ծեծկռտուքի արդյունքում։

Այս մասին հայտնել է դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ կողմերը հարձակվել են միմյանց վրա, ինչի հետևանքով տուժել է դատական կարգադրիչը։ Վերջինս գլխի շրջանում վնասվածք է ստացել, սակայն նրա վիճակը գնահատվում է բավարար։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեպքի վայրում լարված իրավիճակը որոշ ժամանակ պահպանվել է։ Կարգադրիչների միջամտությամբ հնարավոր է եղել խուսափել ավելի ծանր հետևանքներից։ Միաժամանակ, ըստ օպերատիվ տվյալների, միջադեպի մասնակիցների մեջ եղել են նաև դանակով զինված անձինք։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն դատական նիստի ընթացքում, որը վերաբերում է ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանաի ազգականի՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործին։

Դեպքի հանգամանքները ճշտվում են։