ԻրավականՀայաստան

Լանզարոտեի կոմիտեն Հայաստանին առաջարկում է խստացնել երեխաների պաշտպանության մեխանիզմները

Եվրոպայի խորհրդի Լանզարոտեի կոնվենցիայի կոմիտեն նոր զեկույցում առաջարկում է ուշադրություն  դարձնել  այն փաստը, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը կատարվում է վստահելի միջավայրում։ Կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տալիս ուժեղացնել կանխարգելիչ և իրավական միջոցները՝ հատկապես վստահության շրջանակում գործող անձանց նկատմամբ։

Կոմիտեն առաջարկում է քրեականացնել այն դեպքերը, երբ երեխայի հետ սեռական բնույթի գործողություն է իրականացնում վստահության, իշխանության կամ ազդեցության դիրք ունեցող անձը։«Վստահության շրջանակը» ներառում է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև խնամակալներին, ուսուցիչներին, մարզիչներին և բոլոր նրանց, որոնց հետ երեխան շփվում է վստահելի միջավայրում՝ դպրոցում, սպորտային խմբակներում կամ օնլայն տարածքում։ Զեկույցում գնահատվում է, թե ինչպես են կոնվենցիայի 48 մասնակից պետությունները պաշտպանում երեխաներին՝ ինչպես մինչև քրեական վարույթը, այնպես էլ դատավարության ընթացքում և դրանից հետո։ Լանզարոտեի կոմիտեն անդրադարձել է նաև ընտանեկան բռնության դեպքերին արձագանքման մեխանիզմներին և այն, թե ինչպես են պետությունները աշխատում վնասակար սեռական վարքագիծ դրսևորող երեխաների հետ։ Զեկույցում շեշտվում է նաև հանցագործություն կատարած անձանց նկատմամբ վերահսկողության և վերահաստատման համակարգերի կարևորությունը։ Ըստ կոմիտեի՝ երեխաների պաշտպանությունը պետք է դառնա պետության առաջնահերթություն, իսկ վստահության շրջանակում իրականացվող բռնությունը՝ առանձնապես ծանր հանցագործություն։