ԻրավականՀայաստան

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակները կալանավորվեցին երկու ամսով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, որոշել է 2 ամսով կալանավորել «Անտիֆեյքի» հիմնադիր, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին։ Գործը քննվել է Քրեական օրենսգրքի «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի շրջանակում։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ 2 ամսով կալանավորվեց նաև «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։ Նրա նկատմամբ ևս իրականացվում է նույն հոդվածի հատկանիշներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով 2 000 000 դրամ փոխհատուցում՝ հրապարակումներում առկա վիրավորանքի համար, ինչպես նաև 530 000 դրամ՝ դատական ծախսերի համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները մտել էին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ և ձերբակալել նրանց։ Նույն օրը խուզարկություններ էին կատարվել «Անտիֆեյքի» գրասենյակում, որտեղից առգրավվել էր ամբողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթը սկսվել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած արտահայտություններին արձագանքելու հիմքով, ինչից հետո նրանց կալանավորման միջնորդություն էր ներկայացվել։