ԻրավականՀայաստան

Գյումրիի գործով երկու մեղադրյալ ազատ կարձակվեն կալանքից

Գյումրիում հոկտեմբերի 20-ի դեպքերի գործով կալանավորված մեղադրյալներից երկուսը՝ «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը, ազատ կարձակվեն։

Նրանց փաստաբանների փոխանցմամբ՝ վերաքննիչ դատարանը բավարարել է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքները և որոշել է վերացնել կալանքը՝ մեղադրյալներին անհապաղ ազատ արձակելով։

Փաստաբանները նշում են, որ մեղադրանքի հիմքում եղել է ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունք։

Գյումրիի գործով ընդհանուր առմամբ 43 մեղադրյալ կա, որոնցից 24-ը շարունակում են մնալ կալանքի տակ։

Քրեական վարույթը նախաձեռվել էր հոկտեմբերի 20-ին՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո։ Ղուկասյանի աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, իսկ նրան Երևան տեղափոխելու պահին տեղի ունեցած բախումների հետևանքով մի խումբ անձինք բերման էին ենթարկվել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգությունների մասնակցելու կամ դրդելու համար։