Հայաստանը խստացնում է վերահսկողության մեխանիզմները օդի աղտոտման դեմ պայքարում
Կառավարությունն առաջիկայում կներդնի խիստ օրենսդրական կարգավորումներ՝ Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու նպատակով. կարգավորումները կանդրադառնան մի շարք ոլորտների՝ հատկապես հին ավտոմեքենաների, շինարարական կազմակերպությունների և հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությանը։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ հանրապետության ողջ տարածքում օդի որակը մտահոգիչ է, իսկ մայրաքաղաք Երևանում՝ տեղագրական առանձնահատկությունների պատճառով, աղտոտվածության մակարդակը շարունակում է աճել՝ մի քանի անգամ գերազանցելով նախորդ տարիների ցուցանիշները։
Նա հիշեցրել է, որ վարչապետի հանձնարարությամբ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ունի իրավիճակը գնահատելու և արագ լուծումներ առաջարկելու պարտականություն։
Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել օրենսդրական նոր նախաձեռնություններ, որոնք ազդեցություն կունենան որոշ խմբերի վրա, սակայն դրանք անհրաժեշտ են հանրային առողջությունը պաշտպանելու համար։
ԱԺ նախագահն ընդգծել է, որ հատկապես հին ավտոմեքենաների շահագործումը, հանքերի գործունեությունը, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների աշխատանքը լինելու են խիստ վերահսկողության և հնարավոր սահմանափակումների կենտրոնում։
