Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ դատարանի ակտը չկատարելու համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ դատական ակտը չկատարելու հատկանիշներով։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ըստ աղբյուրի՝ 2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին քրեական հետապնդում է հարուցել Ծառուկյանի նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նա խախտել է Հակակոռուպցիոն դատարանի սահմանած արգելքը։ Մասնավորապես՝ դատական ակտով արգելվել էր Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը տնօրինել Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության իրենց՝ 98,03 տոկոս բաժնեմասը։
Չնայած արգելքին, Բուլղարիայից ստացված իրավական օգնության պատասխանով պարզվել է, որ 2024 թվականի մարտի 15-ին Գագիկ Ծառուկյանը և նրա կինը լիազորված անձի միջոցով վաճառել են նշված բաժնեմասերը՝ 23 մլն 850 հազար եվրո արժողությամբ։ Այսպիսով՝ օտարվել է այն գույքը, որի տնօրինումը դատարանի որոշմամբ արգելված էր։
Ծանուցումը դատարանի որոշման մասին Գագիկ Ծառուկյանին հանձնվել էր դեռևս 2023 թվականի օգոստոսի 24-ին։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը սահմանված է որպես երկրից դուրս գալու արգելք։
