ԱԺ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում բացահայտվել են Ազգային ժողովի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու մասին դեպքեր։ Գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Քննչական տվյալների համաձայն՝ 2023 թվականին Ա.Կ.-ն իր ծանոթի միջոցով դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ 150-200 հազար գլուխ գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը օրենքով սահմանված կարգերից դուրս կազմակերպելու համար։ Այդ նպատակով պատգամավորը պահանջել է 200 հազար ԱՄՆ դոլար, որից 100 հազար դոլարը՝ որպես նախնական վճարում։
2023-ի օգոստոսի 10-ին՝ հանդիպման ընթացքում, Ա. Կ.-ն առաջարկել է փոխանցել 20 հազար դոլար՝ մնացած գումարը վճարելով կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ։ Սակայն պատգամավորը հրաժարվել է այդ գումարից՝ պնդելով, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել այլ պաշտոնատար անձանց հետ և անհրաժեշտ է պահպանել նախապես սահմանված գումարի չափը։
Նախաքննությամբ բացահայտվել է նաև մեկ այլ դեպք. Երևանի դպրոցներից մեկի վթարային շենքի քանդման և դրա տարածքի մի մասում նոր դպրոց կառուցելու, իսկ մյուս մասը տվյալ ՍՊ ընկերությանը տրամադրելու և բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու գործընթացում ևս Ազգային ժողովի նույն պաշտոնատար անձը միջնորդ է հանդիսացել։
Ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին պատգամավորին մաս առ մաս տվել է ընդհանուր 23 հազար ԱՄՆ դոլար և 300 հազար դրամ՝ որպես կաշառք։ 2023-ին պատգամավորը գրությամբ դիմել է Քաղաքաշինության կոմիտեին՝ ներկայացնելով ընկերության առաջարկը և համապատասխան փաստաթղթերը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ԱԺ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները շահադիտական նկատառումներով օգտագործելու հատկանիշներով։
