8 անձ մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի իրացման և փողերի լվացման մեջ
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն՝ դրանում ներառելով բազմաթիվ անձանց և հստակ սահմանելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը:
Ըստ հաղորդագրության՝ կալանավորված անձը «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է տարբեր անվանումներով օգտահաշիվներ և խանութ-հարթակներ։ Դրանց միջոցով 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց կողմից ապօրինի իրացվել են առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Բացի այդ, թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ առնվազն 24 մլն 16 հզր 284 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով նրա նախաձեռնությամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց և հանցավոր կազմակերպության անդամներին տրամադրվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային քարտերի, հաշվեհամարների տվյալներ։ Հանցավոր կազմակերպության անդամները, ստանալով նշված գումարներից իրենց հասանելիք մասնաբաժինները, մնացած գումարը կանխիկացումների, փոխանցումների և փոխարկումների միջոցով փոխանցել են հանցագործության մեջ մեղադրվողի մատնանշած բանկային քարտերին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները պարբերաբար ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են այլ անձանց կողմից:
Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի համապատասխան մեղադրանքներով, այն է՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, փողերի լվացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, մեկ անձի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը, փողերի լվացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, երկու անձի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, փողերի լվացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, մեկ անձի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), երեք անձի նկատմամբ՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը։
Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկ անձի նկատմամբ վարչական հսկողությունը:
Ութ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
