ԻրավականՀայաստան

Աղազարյանի գործը հասավ դատարան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է․ նրան առաջադրված մեղադրանքները վերաբերում են կաշառք ստանալուն և ապօրինի վարձատրություն պահանջելուն։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2023 թվականին Աշոտիկ Կամավոսյանը՝ իր ծանոթ Սլավիկ Պողոսյանի միջոցով, դիմել էր պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ 150-200 հազար գլուխ գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը օրենքով սահմանված կարգերից դուրս կազմակերպելու հարցով։ Գործընթացը կազմակերպելու համար Աղազարյանը պահանջել էր 200 հազար ԱՄՆ դոլար, որից 100 հազարը՝ որպես նախնական վճար։

2023-ի օգոստոսի 10-ին կայացած հանդիպման ժամանակ Աշոտիկ Կամավոսյանը պատգամավորին առաջարկել էր 20 հազար դոլար՝ խոստանալով մնացած գումարը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման պահին, սակայն Աղազարյանը հրաժարվել էր՝ պնդելով, որ արդեն պայմանավորվել է այլ պաշտոնյաների հետ։ Գործն ավարտին չի հասցվել։

Այս դրվագով Սլավիկ Պողոսյանը և Աշոտիկ Կամավոսյանը դատապարտվել են 2 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն պատիժը չի կիրառվել. սահմանվել է երեք տարվա փորձաշրջան։ Դատավճիռը ուժի մեջ է մտել։

Նախաքննությամբ բացահայտվել է նաև երկրորդ դրվագը։ Ըստ մեղադրանքի՝ ընկերություններից մեկի հիմնադիր-նախագահ Արամ Մկրտչյանը 2021 թվականին մի քանի մասնաբաժիններով ընդհանուր 23 հազար ԱՄՆ դոլար և 300 հազար դրամ է տվել Աղազարյանին՝ որպես կաշառք։ Մկրտչյանը, ինչպես նշվում է, դիմել էր պատգամավորին՝ Երևանի Հենրի Մորգենթաուի անվան դպրոցի վթարային շենքի վերակառուցման, իսկ մյուս հատվածը ընկերությանը տրամադրելու և բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու գործընթացում աջակցելու համար։ 2023-ին Աղազարյանը գրությամբ դիմել է Քաղաքաշինության կոմիտեին՝ ներկայացնելով ընկերության առաջարկը և անհրաժեշտ փաստաթղթերը։

Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա ապօրինի վարձատրություն պահանջելու համար Աղազարյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում, իսկ կաշառք ստանալու համար՝ մինչև 12 տարի։

Մարինա Գրիգորյան