Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերաքննիչ նիստը հետաձգվել է
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նշանակված դատական նիստը չի կայացել։ Պատճառը եղել է հանրային մեղադրողի բացակայությունը։ Նախագահող դատավոր Էդգար Մանասյանը տեղեկացրել է, որ դատախազները հայտնել են՝ նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցում չեն ստացել, ինչի հետևանքով չեն ներկայացել դատարան։
Արդյունքում, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկման դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է և նշանակվել 2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 15։00-ին։
Պաշտպանական կողմը դեռևս նոյեմբերի 13-ին բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի՝ հոկտեմբերի 3-ին կայացված դատավճիռը։ Վերաքննիչ բողոքով պաշտպանները պահանջում են ամբողջությամբ բեկանել դատական ակտը և Միքայել Աջապահյանին ճանաչել անմեղ։
Միաժամանակ նշվել է, որ Միքայել սրբազանը առաջիկա օրերին տեղափոխվելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ պետք է իրականացվի նրա վիրահատությունը։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ ընթացիկ տարվա ընթացքում բողոքի քննության անցկացումը գործնականում հնարավոր չէ, քանի որ այս պահին պարզ չէ, թե երբ նա կկարողանա ամբողջությամբ կազդուրբել և շարունակել մասնակցել դատական նիստերին։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր հունիսի 28-ին։
Հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Միքայել սրբազանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման։
