Բացահայտվել են չհայտարարագրված ապրանքներ
ՊԵԿ-ն ամփոփել է վերջին շաբաթվա մաքսանենգության և մաքսային խախտումների դեպքերը։ Բագրատաշեն մաքսային անցակետում մարդատար տրանսպորտային միջոցների հսկողության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ:
Ագարակ մաքսային անցման կետում զննության ժամանակ բեռնատարերում և ավտոբուսներում հայտնաբերվել են 2140 տուփ ծխախոտ և 15 430 լիտր դիզելային վառելիք՝ շուրջ 26 դեպքի շրջանակում:
Փարիզ-Երևան չվերթով ժամանած ուղևորի ուղեբեռից հայտնաբերվել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց՝ “Vacheron Constantin” մակնշմամբ: Մեկ այլ՝ Ստամբուլ-Երևան չվերթով ժամանած ուղևորի ուղեբեռից հայտնաբերվել են ոսկե ձուլակտորներ և ոսկյա զարդեր:
Բացի այդ՝ Բագրատաշեն սահմանային անցակետում մեքենայի հետնամասի նստատեղի հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել են վարագույրի համար նախատեսված գործվածքներ:
