
Վերջին 5 տարիներին խաղաղ պայմաններում 207 մահվան դեպք է գրանցվել Հայաստանի ՊՆ-ում
Հայաստանի Զինված ուժերում վերջին 5 տարիներին 207 մահվան դեպք է գրանցվել։ Փետրվարի 17-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ժամը 09:20-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով։
Նախորդ տարվա հոկտեմբերին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՊՆ-ում մահացության 26 դեպք է տեղի ունեցել։ Ըստ Վարդապետյանի վիճակագրության՝ մինչ այդ զոհերի թիվը 2023-ի համեմատ նվազել էր։ Մահացության 26 դեպքից 6-ը սպանություն էր եղել 5-ը՝ ինքնասպանություն, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար, 3-ը` հիվանդության դեպք, դժբախտ պատահարների 1 դեպք և այլն։
Սակայն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը հայտարարել էր, որ դատախազի հայտնած թվերը իրականությանը չեն համապատասխանում։ 2024 թվականի հոկտեմբերին նա նշել էր, որ ՊՆ-ում գրանցվել է 39 մահացության դեպք, որոնց մասին ՊՆ-ն հրապարակային չի դարձրել։