ՀայաստանՌազմական

Հայաստանում 2025-ին կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական լարված գոտում, որտեղ ազգային անվտանգության ապահովումը մշտական գործընթաց է։ Վարժական հավաքների առանցքային նպատակն է պահեստազորի հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև նրանց մարտական հերթապահությանը պատրաստ պահելը։

Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողները։ Նախաձեռնությունը միտված է նաև անհրաժեշտության դեպքում պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու հնարավորության ապահովմանը։

Կառավարությունը հայտնում է, որ վարժական հավաքները կանցկացվեն առանց լրացուցիչ ֆինանսական բեռի՝ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։ Որոշումը ներառված է Հայաստանի պաշտպանության համակարգի բարեփոխումներին և զորահավաքային պատրաստության կատարելագործման ռազմավարության ծրագրում։

Հիշեցնենք, որ առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս։ Այս ցուցակի մեջ են նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ ծառայության ժամկետից: Առաջին կարգը իր հերթին բաժանվում է տարիքային խմբերի՝

— առաջին խումբ` մինչև 35 տարեկան,

— երկրորդ խումբ` 35-ից մինչև 45 տարեկան,

— երրորդ խումբ` 45-ից մինչև 50 տարեկան:

Այսինքն՝ այս հավաքներին մասնակցելու են մինչև 35 տարեկան քաղաքացիները։