
Սյունիքում կրկին կրակոցներ են հնչել
Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում ապրիլի 6-ի գիշերը կրկին կրակահերթեր են արձանագրվել։ Տեղեկությունը հաստատել են ինչպես վարչական շրջանի ղեկավարը, այնպես էլ տեղի բնակիչները։ Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանի խոսքով՝ կրակոցները սկսվել են մոտավորապես ժամը 22։30-ից։ Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում մի քանի անգամ ինտենսիվ կրակահերթ է արձակվել։
Սկզբում՝ 10 անց կեսին, հետո՝ 12-ից անց, ու նաև լուսադեմին։ Վերջին օրերին համեմատաբար լռություն էր, արդեն երկու օր կրակոց չէր եղել, – նշել է Զաքյանը։
Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև Խնածախում։ Գյուղի մի բնակիչ հայտնել է, որ կրակոցները սկսվել են գիշերը՝ մոտ 02։00-ից, և կրկնվել են մի քանի անգամ։ Երկու համայնքներում էլ վստահեցնում են՝ կրակոցները հայկական դիրքերի կամ գյուղերի ուղղությամբ չեն եղել, կրակել են օդ։ Թեև գիշերը հնչած կրակոցները կրկին լարում են ստեղծել սահմանին, սակայն բնակիչների շրջանում խուճապ չկա։ Գյուղերում այժմ իրավիճակը հանգիստ է, մարդիկ շարունակում են իրենց առօրյան։
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են տարածվում Խոզնավարում և Խնածախում արձանագրված կրակոցների մասին։ Դրանք հաճախ ուղեկցվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող հայտարարություններով, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը։
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ Իսկ ապրիլի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։