Հայաստան-Իրան սահմանը բացվել է

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետությունի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ հայ-իրանական սահմանին փախստականների հոսք չի արձանագրվել։

Նրա խոսքով՝ համակարգային խնդիրների պատճառով իրանական երկու սահմանային անցակետեր ժամանակավորապես չեն գործել, որոնցից մեկը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։ Դեսպանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտից խնդիրը կարգավորվել է։

Շիրղոլամին նշել է, որ գլխավոր հյուպատոսը գտնվել է Իրան–Հայաստան սահմանին և ուսումնասիրել իրավիճակը։ Նրա փոխանցմամբ՝ կուտակումներ չեն արձանագրվել։ Սահմանին սպասել է 35-40 քաղաքացի, որոնք ունեցել են միջազգային ավիատոմսեր և պետք է Երևանից իրականացվող թռիչքներով մեկնեին իրենց երկրներ։

Դեսպանը նաև հայտնել է, որ գործընթացը երկկողմ է․ որոշ քաղաքացիներ ավիաչվերթով ժամանում են Երևան, ապա ցամաքային ճանապարհով վերադառնում Իրան։ Նրա խոսքով՝ երեկ շուրջ երկու տասնյակ քաղաքացիների վերադարձն արդեն կազմակերպվել է, այսօր ևս 15 քաղաքացի կուղևորվի հայրենիք։

Շիրղոլամին նշել է նաև, որ Թեհրանի որոշ բնակիչներ անվտանգությունից ելնելով տեղափոխվում են երկրի հարավային բնակավայրեր։ Նա ընդգծել է, որ Իրանը մեծ երկիր է և ունի բավարար ներուժ՝ ճգնաժամային իրավիճակներում բնակչության տեղաշարժն ու առօրյան կանոնակարգելու համար։