ՀայաստանՌազմական

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է ընդունել: Երեք ամիս ժամկետով՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ, պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։

Նշենք, որ պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու խմբի՝ ըստ տարիքային սահմանափակման: Առաջին խմբում հաշվառվում են մինչև 45 տարեկան, իսկ երկրորդ խմբում՝ մինչև 50 տարեկան պահեստազորայինները:

Առաջին կարգի պահեստազորում հաշվառվում են անկախ ծառայության տևողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից:

Երկրորդ կարգի պահեստազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի և զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները: