
Բանակից խուսափելը ավելի կբարդանա․ ժամկետային ծառայության տարիքային շեմը կբարձրանա
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ներկայումս գործող տարիքային 27 տարվա սահմանափակման փոխարեն զինվորական ծառայության անցման վերջնաժամկետը մինչև 37 տարեկանը սահմանել։ Նրա խոսքով՝ սա կկրճատի ծառայությունից խուսափելու հնարավորությունները և կուժեղացնի վերահսկողությունը։ Նա նշել է, որ խոշոր հարկատուները կարողանում են իրենց երեխաներին ավելի վաղ ազատել Հայաստանի քաղաքացիությունից՝ ըստ այդմ՝ նաև բանակից։ Ստացվում է, որ անապահով ընտանիքների երեխաները ծառայում են, հարուստներինը՝ ոչ։
Բացի այդ, Սարգսյանն առաջարկում է սահմանել 15 միլիոն դրամ տուրք այն քաղաքացիների համար, ովքեր մինչև 18 տարեկանը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից՝ բանակից խուսափելու նպատակով։ Այդ գումարը համարժեք է այն տուգանքին, որը ներկայումս վճարում են 27 տարին լրացած և բանակում չծառայած քաղաքացիները՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև քրեականացնել զինվորական ծառայությունից խուսափման նպատակով բժշկական փորձաքննությունից կամ նմուշների ներկայացումից հրաժարվելը։
Բացի այդ, պատգամավորը առաջարկում է որոշ առողջական խնդիրների դեպքում քաղաքացիներին ոչ թե ազատել ծառայությունից, այլ սահմանել ծառայություն՝ որոշ սահմանափակումներով։
Այս քայլերը, Սարգսյանի համոզմամբ, կօգնեն նվազեցնել ծառայությունից խուսափող քաղաքացիների թիվը և արդարություն ապահովել բոլորի նկատմամբ։