ՀայաստանՌազմական

Մովսեսում կրկին կրակոցների ձայներ են լսվել. վարչական ղեկավարը հայտնում է՝ գյուղը չի տուժել

Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղում մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը կրկին կրակոցների ձայներ են արձանագրվել։ Սրա մասին նշել է վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը։

Կրակոցների ուղղությունը հայտնի չէ, իսկ գյուղը որևէ վնաս չի կրել։ Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում նման ձայներ պարբերաբար լսվում են, սակայն բնակիչները խուճապի չեն մատնվում և շարունակում են առօրյա աշխատանքը։ Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերն ավելի շատ էին, կարճ կրակահերթեր էին ավտոմատ զենքերից։ Փոլադյանը, սակայն, նշում է, որ կրակոցներն իրենց ուղղությամբ չեն լինում։

Համայնքապետարանի տվյալներով՝ գյուղացիներից որևէ մեկը գյուղապետարան չի դիմել վնասի վերաբերյալ։ Վերջին շաբաթներին Բերդի մի շարք գյուղերում նույնպես կրակոցների ձայներ են արձանագրվել։ Բնակիչները, սակայն, հայտնում են, որ ադրբեջանական կողմի կրակահերթերը գյուղերը թիրախ չեն դարձնում։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Տավուշի մարզի սահմանային հատվածում երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Մարտի 31-ին էլ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։