ՀայաստանՌազմական

Զինվորականներին կտրամադրվի հիփոթեք՝ պետբյուջեի հաշվին

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի պաշտպանության նախարարության կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներն այսուհետ կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկով՝ պետական բյուջեի աջակցությամբ։

Ծրագրով շահառու սպաներին հնարավորություն է տրվում մինչև 35 միլիոն դրամի սահմանում բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Որոշման հիմնավորմամբ՝ գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը չէր ապահովում պահանջվող արդյունավետությունը։

Ըստ հիմնավորման՝ շուկայում արձանագրված զարգացումները, կառուցապատողների հետ քննարկումները, ինչպես նաև պահանջարկ-առաջարկ անհամապատասխանությունն ու գների բարձրացումն անարդյունավետ էին դարձրել նախկին կարգով իրականացվող բնակարանային ապահովման գործընթացը։ Նոր ծրագրով զինծառայողները կկարողանան հիփոթեքով սեփական բնակարան ձեռք բերել։ Սակայն, եթե զինծառայողը որոշված ժամկետից շուտ դադարեցնի ծառայությունը, բյուջետային ֆինանսավորումը կդադարեցվի, և նա կպարտավորվի վերադարձնել պետական միջոցներով կատարված վճարումները։

Նույն նախագծով նախատեսվում է երկարաձգել պարտադիր զինծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմի արձակուրդների տևողությունը։