ՀայաստանՌազմական

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է տուն և կենդանի

Մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 00:10-ից 01:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, ինչպես նաև խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Պաշտպանության նախարարությունը կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել դեպքը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Նմանատիպ միջադեպ արձանագրվել էր նաև մեկ օր առաջ՝ մայիսի 29-ին։ Այդ օրը ևս ադրբեջանական զինուժը թիրախավորել էր Խոզնավար բնակավայրը, ինչի հետևանքով վնասվել էր մեկ այլ տուն։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանի կողմը պարզաբանում էր պահանջել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ կրակել է։

Նշենք, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում բնակիչները արձանագրում են ադրբեջանական կողմի չդադարող կրակոցները։