
ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի այցը Հայաստան դեռ չի կայացել
Միացյալ Նահանգներից սպասվող մաքսային և սահմանապահ փորձագիտական խումբը դեռ չի այցելել Հայաստան։ Սրա մասին խորհրդարանում հայտնել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Խոսքը տեխնիկական բնույթի աջակցության մասին է՝ կապված մեր սահմանային անցումների վերահսկման, կարողությունների զարգացման և ուժեղացման հետ։ Այլ ենթատեքստ այս գործընթացին պետք չէ վերագրել։ Այդ խումբը դեռ չի ժամանել Հայաստան, – նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։