ՀայաստանՌազմական

2026 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերը չեն ավելանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունըմ, ըստ որի՝ 2025 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերը կտրուկ աճել են՝ 115 մլրդ դրամով, սակայն 2026-ին նման աճ չի նախատեսվում։ Այն առաջացնում է լուրջ հարցեր երկրի անվտանգային քաղաքականության վերաբերյալ։

Առաջին հայացքից թվերը գոհացնող են․ պետությունը այս տարի մեծացրել է պաշտպանական ծախսերը։ Սակայն խնդիրն այն է, որ այդպիսի տատանումները չեն վկայում երկարաժամկետ ու հաշվարկված ռազմավարության մասին։ Պաշտպանական համակարգի ամրապնդումը չի կարող կախված լինել մեկ տարվա «անհամաչափ աճից» և հաջորդ տարվա հնարավոր կրճատումից։

Վարչապետը հավելեց, որ ծախսերի մի մասը ուղղվել է հին վարկերի մարմանը։ Հատկանշական է նաև, որ նույն կառավարությունը խոսում է 2026-ին պաշտպանական ծախսերի նվազեցման մասին՝ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրի ֆոնին։ «Թրամփի ուղու» նախագիծը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ներկայացվում են իբրև կայունության նախապայման։ Սակայն արդյո՞ք Հայաստանի անվտանգությունը կարելի է կառուցել միայն միջազգային համաձայնագրերի վրա՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախկին փորձը դրանց անտեսման հարցում։

Ի վերջո, եթե Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրմամբ պատրաստվում է նվազեցնել պաշտպանական ծախսերը, ապա սա կարող է վտանգավոր ուղերձ լինել։ Պետությունը փաստացի նախապես հրաժարվում է ավելացված պաշտպանական միջոցառումներից՝ վստահելով արտաքին խաղացողների խոստումներին։