
Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը
Այսօր լրանում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հինգերորդ տարելիցը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ին, ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք։
Հաջորդ 44 օրերին հայ զինվորները՝ շարքայինից մինչև հրամանատար, պայմանագրայինից մինչև կամավորական, մղեցին կյանքի ու մահվան պայքար։ Պատերազմը չսահմանափակվեց միայն ռազմի դաշտով․ ադրբեջանական կողմը կիրառեց արգելված զինատեսակներ, թիրախավորեց քաղաքացիական բնակավայրեր ու խախտեց միջազգային բազմաթիվ նորմեր։
Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության մասին։ Այդ փաստաթղթով դադարեցվեց կրակը, իսկ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։
Պատերազմի գինը ծանր էր․ Հայաստանի կողմից հաստատված տվյալներով՝ մենք կորցրինք առնվազն 3830 կյանք։ Նրանց թվում էին և՛ զինվորներ, և՛ խաղաղ բնակիչներ։ Դեռ կան հարյուրավոր անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչև այսօր պարզ չէ։
Չնայած ադրբեջանական կողմը հայտարարում է մոտ 2900 զոհի մասին, իրական թվերը մինչև այսօր վիճահարույց են։ Մեր երկրում էլ ամբողջական պատկերը չի բացահայտվում․ Քննչական կոմիտեն շարունակում է գաղտնի պահել զոհերի, վիրավորների և անհետ կորածների վերջնական թվերը։
Պատերազմի ավարտից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց երեք տարի։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր հարձակում սկսեց արդեն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։