
Պաշտպանության նախարարությունում ընդունել են անհետ կորած զինծառայողների հարազատներին
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է տեղի ունեցել նախարարության ներկայացուցիչների և 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատների միջև։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ։
Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվել է անհետ կորած զինծառայողների նոր ցուցակ. նախնական տվյալներով՝ սկզբնական շրջանում հայտարարվել էր, որ անհետ կորածների թիվը 195 էր, սակայն ներկայիս ցուցակը ցույց է տալիս, որ նրանց թիվը հասնում է 265-ի։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հանդիպումները շարունակական կլինեն։ Հանդիպմանը մասնակցել է մոտ 30 հարազատ, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնություն է կանչվել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմը տևեց 44 օր, և նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությամբ ուժի մեջ մտավ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։