
Պարտադիր զինծառայությունը 3 ամսից կդառնա 1․5 տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը ուժի մեջ կմտնի ավելի շուտ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
Նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշում ենք կայացրել, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի,- ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 24-ից 18 ամիս։ Նախատեսվում էր, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չէր տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ ժամկետի կրճատումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ, ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։
Ավելին, ժամկետի կրճատումը կբերի նաև զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման։
Հիմնավորման մեջ նշվում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի և այլ մեխանիզմների արդյունավետությունը, սակայն այդ գնահատականը տրվում է առանց հրապարակային տվյալների։ Որքա՞ն է աճել պայմանագրային զինծառայողների թիվը վերջին երեք տարում։ Արդյո՞ք պետական բյուջեն ապահովում է այնպիսի սոցիալական փաթեթներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում գրավիչ են դարձնում ծառայությունը
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր ծառայության ժամկետի կրճատման մասին։ Այսօր ներկայացված նախագիծը դիտարկվում է որպես այդ խոստման իրականացում, սակայն իրական հարցն այն է՝ արդյո՞ք դա արվում է զինված ուժերի ուժեղացման հաշվին, թե պարզապես որպես քաղաքական պարտավորություն։