ՀայաստանՌազմական

Կառավարությունը կկրճատի պարտադիր զինծառայության ժամկետը

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում և ճանաչվել է անհետաձգելի։

Նոր փոփոխությամբ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից կդառնա 18 ամիս, իսկ այդ կրճատումը, ըստ կառավարությանը կից հիմնավորման, հնարավոր է դարձել պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման հաշվին։

Կառավարությունը շեշտում է, որ վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման և սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության խրախուսման միջոցով։ Այս ամենը, ըստ նախագծի հեղինակների, թույլ է տալիս ավելի կարճ պարտադիր ծառայությամբ ապահովել զինուժի մարտունակությունը։

Այնուամենայնիվ այս որոշումը նաև քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Ժամկետի կրճատումը կարող է դիտարկվել որպես իշխանությունների նախընտրական արշավի մաս՝ ուղղված հասարակական աջակցությունն ապահովելուն՝ հատկապես երիտասարդների և նրանց ընտանիքների շրջանում։

Բացի այդ՝ կրճատված ծառայության պայմաններում զինծառայողների պատրաստության մակարդակը կարող է նվազել, եթե պայմանագրային համակարգը չաշխատի լիարժեքորեն։

Կառավարությունը, սակայն, վստահեցնում է, որ փոփոխությունը նաև ֆինանսական բեռի թեթևացում է ենթադրում։ 2027 թվականից կկրճատվեն պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերը, քանի որ 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետը կավարտվի 2027-ի կեսին՝ նոր 18-ամսյա համակարգով։

Օրենսդրական փաթեթը մոտ օրերս կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հիշեցնենք, որ բանակից փողով ազատվելու նախագիծը հունիսին մերժվեց Ազգային ժողովում։ Կողմ էր քվեարկել միայն 1 պատգամավոր։