Սուրեն Պապիկյան․ «Խաղաղությունը հորինված չէ, այն իրականություն է»
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հռետորաբանության մեջ նկատվում են դրական փոփոխություններ, իսկ խաղաղության հաստատումը, ըստ նրա, այլևս հորինված գաղափար չէ, այլ իրական գործընթաց։
Նախարարը անդրադարձել է նաև բանակի համազգեստի փոփոխությանը՝ նշելով, որ այս պահին ուսումնասիրվում են մի քանի հազար դաշտային փորձանմուշներ. «Մենք կգնանք բանակի համազգեստի փոփոխման․ արդեն փորձարկում ենք նոր տարբերակները, և արդյունքներից հետո կորոշվի՝ որն ընտրենք»,- նշել է Պապիկյանը։
Լրագրողների հարցին՝ ինչու է Ադրբեջանը մեծացնում ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ ոչ, նախարարը վստահեցրել է, որ 2026 թվականի բյուջեն խախտում չունի և զարգանում է բնական տեմպերով։ Նրա խոսքով՝ զինամթերքի գնումներն իրականացվելու են նույն ծավալներով, իսկ օգոստոսի 8-ի իրադարձությունները, անկասկած, իրենց ազդեցությունն են թողնելու գործընթացների վրա։
Պապիկյանը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ խաղաղության կողմնակից և պատրաստ է շարունակել բոլոր նախաձեռնությունները՝ ուղղված տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։
