Զորակոչից խուսափելու կեղծ գենետիկական փաստաթղթեր. «Բժշկական գենետիկայի կենտրոնի» գործը դատարանում է
Հայաստանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրենը և երկու աշխատակիցը կկանգնեն դատարանի առաջ՝ զորակոչիկներին ծառայությունից ազատելու համար կեղծ բժշկական փաստաթղթեր տրամադրելու մեղադրանքով։
Քննությամբ պարզվել է, որ կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը, աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, որոնք ընդգրկված են եղել զորակոչային բժշկական հանձնաժողովում, 2021 և 2023 թվականների զորակոչերի ընթացքում օգտագործել են մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի արյան նմուշի արդյունքները և դրանց հիման վրա կազմել են կեղծ եզրակացություններ։ Այդ փաստաթղթերի օգնությամբ զորակոչիկ Ս.Մ.-ն՝ հայտնի Օշականցի Գևորիկի որդին, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և խուսափել զորակոչից։
Բացի այդ, նույն անձինք 2023-ի դեկտեմբերին կեղծ տվյալներ են օգտագործել մեկ այլ զորակոչիկի՝ Մ.Պ.-ի համար՝ կազմելով առողջական վիճակի ակտ, որը ևս հնարավորություն է տվել վերջինիս խուսափել պարտադիր ծառայությունից։
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի և զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար։ Գործը նոյեմբերի 4-ին փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։
Նախաքննությամբ հերքվել է, որ հիշյալ զորակոչիկների մոտ առկա են եղել առողջական խնդիրներ, իսկ Մ.Պ.-ն արդեն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։
