Պարտադիր զինծառայությունը կկրճատվի. ինչ է փոխվում 2026-ից
Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից կկրճատվի և կսահմանվի 18 ամիս՝ նախկին 24 ամսվա փոխարեն։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Օրինագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ մնաց 20 պատգամավոր։ Փոփոխությունը վերաբերում է բացառապես այն քաղաքացիներին, ովքեր պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն 2026 թվականի հունվարից սկսած։ Սա նշանակում է, որ այն չի տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս դեպքում՝ 2025 թվականի ամռանը զորակոչվածները ավելի շատ կծառայեն, քան նրանց տարիքակից մյուս զինվորները, ովքեր բանակ են զորակոչվելու 2026 թվականից։
Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման և դրա գրավչության բարձրացման հաշվին։ Պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր և բարեփոխումներ, այդ թվում՝ «Պաշտպան հայրենյաց» նախաձեռնությունը, ատեստավորման համակարգի ներդրումը և արհեստավարժ սերժանտական համակարգի ձևավորումը։
Նախագծի քննարկումների նախնական փուլում նախատեսվում էր, որ այս փոփոխությունը կգործի 2026 թվականի ամառային զորակոչի համար, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որոշվեց այն ուժի մեջ մտցնել արդեն տարեսկզբից։
Միևնույն ժամանակ, խորհրդարանում հնչել են նաև քննադատական տեսակետներ։ Որոշ ընդդիմադիր պատգամավորներ և փորձագետներ ծառայության ժամկետի կրճատումը դիտարկում են որպես քաղաքական և նախընտրական քայլ՝ նշելով, որ պայմանագրային զինծառայողների սոցիալական պայմաններն ու վարձատրությունը դեռևս բավարար չեն այդ փոփոխությունը հիմնավորելու համար։
