ՀայաստանՌազմական

Շանհայի վարկանշավորված համալսարաններում սովորողները կարող են Հայաստանում ազատվել զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարությունը առաջարկում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից այն քաղաքացիներին, որոնք Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջատար համալսարաններում ուսումը ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանում՝ կառավարության սահմանած ոլորտում։

Նախագծի ընդունման դեպքում կսահմանվեն ենթաօրենսդրական ակտերով մեխանիզմներ, որոնք կարտոնեն, որ ուսումը ավարտած քաղաքացիները վերադառնան Հայաստան և աշխատեն նախատեսված ոլորտում՝ պահպանելով զինվորական ծառայությունից ազատման իրավունքները։

Օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա ապահովել արդեն ուսումը սկսած քաղաքացիների վերադարձը Հայաստան և օգտագործել նրանց գիտելիքները տեղական ոլորտներում։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2018 թվականից այս իրավունքից օգտվել է 650 քաղաքացի, որոնցից 570-ը շարունակում է ուսումը և օգտվում է տարկետման իրավունքից։

Շանհայի վարկանշային աղյուսակում առաջին 5 տեղում են Հարվարդի, Սթենֆորդի, Մասաչուսեթսի, Քեմբրիջի և Կալիֆորնիայի համալսարանները: