ՀայաստանՌազմական

Ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչներին Հայաստանը փոխանցել է Սիրիային

Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին հունվարի 13-ին Թուրքիայի Հանրապետության տարածքով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարություն-ը։

Նախարարության փոխանցմամբ՝ տեղափոխումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և գործող իրավական մեխանիզմների շրջանակում։ Դատապարտյալները իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը կշարունակեն իրենց երկրում։

Հիշեցնենք, որ Սիրիայի նշված քաղաքացիները 2021 թվականին Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Նրանք մեղավոր էին ճանաչվել միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, ինչպես նաև վարձկանության հոդվածներով։

Քրեական գործի շրջանակում հաստատվել էր, որ նրանք մասնակցել են 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած 44-օրյա ռազմական գործողություններին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանները Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ադրբեջան, իսկ մինչ այդ՝ 2020 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, Սիրիայում անցել են ռազմական պատրաստվածության դասընթացներ։ Ամեն հայի համար նրանց 100 դոլար գլխագին էին խոստացել։