Նուբարաշենում պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել․ նա հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Փետրվարի 5-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նուբարաշեն վարչական շրջանում պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դաժան ծեծի ենթարկված քաղաքացին տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Բուժաշխատողները հայտնել են, որ տուժածը ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում և անգիտակից է եղել, ինչի պատճառով չի կարողացել կատարվածի վերաբերյալ բացատրություն տալ։ Նա տեղափոխվել է վիրահատարան։

Նախնական տվյալներով՝ տուժածը Նուբարաշենի զորամասի պայմանագրային զինծառայող է։ Նա ենթարկվել է խմբակային ծեծի և ստացել ծանր վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի և աչքերի շրջանում։ Տուժածը 24 տարեկան է։

Դեպքի առթիվ ռազմական ոստիկանությունում կազմվել են նյութեր, որոնք փոխանցվել են զինվորական քննչական մարմնին։ Քննությունը շարունակվում է։