Զինծառայողի ծեծի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքում պայմանագրային զինծառայողի նկատմամբ իրականացված դաժան ծեծի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում սկսվել է վարույթ, ընթանում է նախաքննություն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում։ Զինծառայողը ծեծի է ենթարկվել խմբի կողմից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ստացել է ծանր վնասվածքներ դեմքի և աչքերի հատվածում։
Նախապես դեպքի վերաբերյալ նյութեր էին կազմվել ռազմական ոստիկանությունում և փոխանցվել քննչական մարմնին։
Տուժած զինծառայողը Կոտայքի մարզի 24-ամյա բնակիչ է և ծառայում է Նուբարաշենի զորամասում։

