Իրանի դեսպանը չի բացառել նոր հայ-իրանական համատեղ զորավարժությունները
Հայաստանի և Իրանի միջև պաշտպանական համագործակցությունը կարող է խորանալ, իսկ համատեղ զորավարժությունները՝ շարունակվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում, և համատեղ զորավարժությունները այդ համագործակցության բնական բաղադրիչն են։ Դեսպանը չի բացառել, որ ապագայում նման միջոցառումները կարող են կրկնվել և լինել ավելի լայն ընդգրկմամբ։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` Իրան կատարած այցին՝ Շիրղոլամին նշել է, որ այն նախապես ծրագրված էր և չի պայմանավորվել տարածաշրջանային զարգացումներով։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում կողմերը կքննարկեն համագործակցության տարբեր ուղղություններ և կփորձեն ընդլայնել արդեն ձևավորված կապերը։
Դեսպանը նաև ընդգծել է, որ հայ–իրանական սահմանը կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար և դիտարկվում է որպես խաղաղության սահման։ Նրա գնահատմամբ՝ երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգանում են ռազմական, քաղաքական, տնտեսական, ակադեմիական և մշակութային ոլորտներում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանումները վերջին անգամ համատեղ զորավարժություն են անցկացրել 2025 թվականի ապրիլին։

