
Հալեպում տեղի ունեցողը Իրանի ու Ռուսաստանի դեմ է, որից շահում է Թուրքիան․ արաբագետը պարզաբանում է իրավիճակը
Իսլամական Հայաթ Թահրիր ալ-Շամ ռազմաքաղաքական կազմակերպության ղեկավարությամբ գործող զինյալները արդեն քանի օր է՝ մեծ ավերածություններ են գործում Հալեպում և Իդլիբում։ Տեղի ունեցող իրադարձությունների, հայ համայնքի ու Հայաստանի վրա ազդեցությունների մասին խոսել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Իրավիճակը բավականաչափ լարված է և անորոշ։ Արաբագետը բացատրում է, որ ամենակարևորը հայ համայնքի անվտանգության խնդիրն է, քանի որ խմբավորումը, որն իրականացրել է հարձակումը, ծայրահեղական ուղղվածության է, նախկինում աչքի է ընկել տարբեր դաժանություններով, հատկապես ծայրադավանների նկատմամբ և հայտնի է որպես ծայրահեղական, այսինքն՝ խմբավորումը հիմնված է կառավարման ծայրահեղական գաղափարախոսությամբ իսլամի և շարիաթի նորմերի հիման վրա։
Այս տեսանկյունից, բնականաբար, բավականաչափ մեծանում է անորոշությունը սիրիահայ համայնքի համար, դրան ավելացրած, իհարկե, ռազմական գործողությունները, որոնք վստահաբար շարունակվելու են։ Դրանք ավելացնելու են անվտանգային խնդիրները Հալեպում։
Արաբագետը կարծում է, որ տարածաշրջանը վերածվելու է ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմի, եթե սիրիական կառավարական ջոկատները որոշեն և ջանքեր գործադրեն՝ քաղաքի վերահսկողությունը վերադարձնելու համար։ Մամուլում էլ տեղեկություններ են տարածվել Թուրքիայի անմիջական ներգրավվածության մասին։ Արաբագետը դժվարանում է նման կանխատեսում և գնահատական տալ։
Այս խմբավորումը որևէ արտաքին դերակատարի ուղիղ ազդեցություն չի կրել, բայց դա էլ չի բացառվում։ Դժվար է պնդել, որ Թուրքիան է իրավիճակի հետևում կանգնած, բայց այն, որ նրանք այս իրավիճակից ամենից շատ շահող դերակատարներից են լինելու, միանշանակ է։
Պետրոսյանը հավելել է, թե ինչ կարող է շահել Թուրքիան ներկա իրավիճակից։
Թուրքիան կարող է անվտանգության գոտու քողի ներքո ևս մեկ ներխուժում իրականացնել Սիրիայում, մյուսը, օրինակ, չի բացառվում, որ իր հովանավորյալ խմբավորումներին դրդի գործողությունների քրդերի դեմ, որի օրինակները ևս եղել են, այսինքն՝ վստահաբար Թուրքիան օգտվել է այս իրավիճակից
Արաբագետը նշում է, որ սա մի քանի երկրների շահերից է միաժամանակ բխում, օրինակ, Իսրայելի և Արևմուտքի։
Այս գործողությունը թուլացնելու է Իրանին և բխելու է Արևմուտքի շահերից, քանի որ սա նոր ճակատ է բացելու Ռուսաստանի դեմ։ Վերսկսված պատերազմի նպատակը նաև Իրանի և Ռուսաստանի դեմ էր։ Հարձակում իրականացնողները շատ լավ հասկացել են, որ «Հեզբոլլայի» դեմ գործողությունից հետո, հատկապես Իրանը զգալիորեն թուլացել է։ Մյուս կողմից՝ Արևմուտքը ավելի է մեծացնում լարվածությունը ուկրաինական պատերազմում, և նաև խնդիր կա՝ Ռուսաստանին հավելյալ թուլացնելու, Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու։ Այս և տարբեր գործոնները հաշվի առնելով՝ հենց այս ժամանակահատվածում խմբավորումը նախաձեռնեց այս գործողությունը։
Հիշեցնենք, որ հայ համայնքի վիճակի մասին խոսել ենք նաև Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ։