Առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ հնարավոր է ժամանակավորապես փոխել ընտրական հաշվառումը

Առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավորապես փոխել իրենց հաշվառման վայրը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Այս գործընթացը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք կարճ ժամանակով գտնվում են այլ բնակավայրում և ցանկանում են մասնակցել ընտրություններին իրենց նոր գտնվելու վայրում։

Մինչև մայիսի 26-ը ժամը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար։

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։ Էլեկտրոնային դիմումները պետք է ապահովված լինեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ «Նոր ուժ» կուսակցությամբ, «Հայ ազգային կոնգրես»-ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, ինչպես նաև «Հանրապետություն կուսակցություն»-ը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։