ՀայաստանՌազմական

Կառավարությունը խստացնում է զինվորական տարկետման պայմանները

Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում որոշման նախագիծ է ընդունվել, որի նպատակն է հստակեցնել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։

Նախագծում ներկայացվում է, որ մի շարք հիվանդություններ, որոնցով զորակոչիկները մեկ տարի տարկետում էին ստանում, կճանաչվեն սահմանափակումով պիտանի զինծառայության համար, եթե մեկ տարվա ընթացքում առողջական վիճակի վատթարացում չլինի։ Ներկայիս իրավիճակը, ինչպես նշեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ունի մի շարք խնդիրներ։ Օրինակ, այն քաղաքացիները, որոնք բուժման նպատակով ստանում են 1 տարի տարկետում, հաճախ նույն ախտաբանական վիճակով կրկին ստանում են տարկետում՝ առանց բուժում անցնելու։ Բացի այդ, սահմանափակումով պիտանի ճանաչված զորակոչիկների ծառայության ընթացքը հաճախ ցույց է տալիս, որ առողջական խնդիրների դրսևորումները տարբեր են, իսկ որոշ դեպքերում հակացուցումներ չկան։

Պապիկյանը մանրամասնեց՝ եթե մեկ տարով տարկետում ստացանալուց հետո պարզվի, որ վիրահատությամբ հիվանդությունը չեզոքացնելու հնարավորություն է եղել, որը չի արվել, ՊՆ-ն իր միջոցներով կկազմակերի միջամտությունը և սահմանափակումներով ծառայության կզորակոչի այդպիսի անձանց։