Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։
Առուշանյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո նշել էր, որ այլ աշխատանքի անցնելու նպատակով է արել դա։
Դեկտեմբերի 8-10-ը Գյումրիում կայացած փրայմրիսին մասնակցել էր նաև Շիրակի մարզպետի պաշտոնի համար դիտարկվող Դավիթ Առուշանյանը։ Նա երկրորդ առավելագույն ձայնն էր ստացել ընտրությունների արդյունքում՝ 220 քվե։ Փրայմրիսում հաղթել էր անկուսակցական Սարիկ Մինասյանը 253 քվեով։
Առուշանյանը ծնվել է Գյումրիում։ 2003 թվականին ավարտել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի երկրաբնապահպանության բաժինը: 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Նշենք, որ Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Վարչապետը մինչ այդ կառավարության նիստի ժամանակ Մուշեղ Մուրադյանին խիստ նկատողություն էր արել։ Պատճառը Վահրամաբեդի դպրոցի սենյակներից մեկը Զինված ուժերում այս պահին ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով անվանակոչելն էր։