ՀայաստանՏնտեսություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անհրաժեշտ է համարում գնահատել հետևանքները ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ կտրուկ քայլերի դեպքում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արևմտամետ արտախորհրդարանական ուժերի կազմակերպած խորհրդաժողովում նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու և Ռուսաստանի հետ տնտեսական ու առևտրային կապերից հրաժարվելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել դրանց հետևանքները:

Փոխվարչապետի խոսքով՝ էներգառեսուրսների կամ պարենամթերքի մատակարարումները կառավարելի են, սակայն տրանսպորտային և լոգիստիկ ասպեկտների դեպքում պատկերը շատ ավելի բարդ է դառնում։

Գրիգորյանը հավելեց, որ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ ցորենը համեմատաբար մատչելի էր, սակայն Հայաստանի համար գլխավոր խնդիրը լոգիստիկան էր։

Փոխվարչապետը փաստեց, որ հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Դա է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առանցքային նշանակություն ունի ռիսկերի նվազեցման և ավելի կայուն տնտեսական կապերի ստեղծման համար։

Հոկտեմբերին՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռազմավարական ապրանքները կարող են փոխվել։ Օրինակ՝ Հայաստանը ցորենից կարող է անցնել բրնձի։

Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ներկրվել է 343,6 հազար տոննա ցորեն, որի 99 տոկոսը Ռուսաստանից։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ավելի վաղ հայտարարել էր ցորենի նոր մատակարարների որոնման մասին։ Նախարարն ասել էր, որ բանակցում են մի քանի երկրների հետ՝ ցորենի ներկրումը դիվերսիֆիկացնելու համար՝ հավելելով, որ այդ քայլը ուղղված չէ ինչ-որ երկրի դեմ։ Եթե, օրինակ, Ռումինիայից ցորեն ներկրեր, ինքը կբանակցեր Ռուսաստանի հետ ներկրման հարցում։