ՀայաստանՌազմական

Կնքվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական պաշտպանական համագործակցության ծրագիր

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը ստորագրել են պաշտպանական համագործակցության ծրագրերը։ Սրա մասին հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Դրանց ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։

Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։

Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում կողմերը ստորագրել էին Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը։

2023 թվականին Հայաստանի և Հունաստանի միջև կնքվել էր «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր»։ Այն ներառում էր 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում: