
Սուրեն Պապիկյանը գոհ է հայ-ամերիկյան և հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքից
2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան և հայ–ֆրանսիական համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Նա նշել է նաև, որ մի շարք երկրներում՝ մասնավորապես Հունաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ արտասահմանյան բուհերում ռազմաուսումնական կրթությունը սկսել և շարունակել են մի շարք ուսանողներ։
Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է Հայաստանի պաշտպանական կարողությունների մեծացմանը: ԱՄՆ–ն աջակցում է մեր զինված ուժերի կերպափոխմանը որպես խորհրդատու ու աջակից: Նույնը կարող եմ ասել Ֆրանսիայի մասին: Մեր համագործակցության ընթացիկ վիճակից կարող եմ միայն գոհունակություն հայտնել, որովհետև այն հնարավորությունները, որ մեզ ընձեռում են, կարևոր են մեր բանակի ինստիտուցիոնալ բարեփոխման և նոր կառուցակարգերի ստեղծման համար, – նշել էՊապիկյանը:
Նա ընդգծել է, որ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը ԶՈՒ–ում ունի առանցքային նշանակություն: Նրա խոսքով՝ առաջիկա անելիքներն ուղղված են լինելու պրոֆեսիոնալ սերժանտական համակարգն ավելի ամրացնելու ԶՈՒ–ում: