ՀայաստանՌազմական

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արցախի պաշտպանություն բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Սակայն հայտնի չէ, թե նա ինչ պատժի կարժանանա։

Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Արցախի «Ցորի» զորամասի զինվորների գործով մեղադրյալ է նաև հրետանային դիվիզիոնի պետը։

Ջալալ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարն է եղել 44-օրյա պատերազմի սկզբում։ Նա ծանր վիրավորում է ստացել և թողել պաշտոնը։

Քննչական կոմիտեից 2022-ին հայտարարել էին, որ Ջալալ Հարությունյանին մեղադրում է 44-օրյա պատերազմի ժամանակ երկու դրվագում թույլ տված լուրջ սխալների համար։

Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-8-ի հակահարձակողական գործողություններին, որոնք ձախողվել են ուժերի ոչ բավարար պատրաստվածության և փոխգործակցության բացակայության պատճառով։ Հետագայում այս դրվագով նա արդարացվել է։

Երկրորդ դրվագը վերաբերում է հոկտեմբերի 12-ի Ջուվառլու բնակավայրի մոտ տեղի ունեցած դեպքերին, երբ սխալ որոշման հետևանքով հակառակորդը տիրացել է ռազմավարական տարածքների, իսկ հայկական կողմը կրել է մարդկային և տեխնիկական ծանր կորուստներ։

Ջալալ Հարությունյանին փոխարինած Միքայել Արզումանյանը հետագայում նույնպես մեղադրվել է զինվորական պաշտոնական անփութության և իշխանության չարաշահման համար: