ՀայաստանՌազմական

Զինկոմիսարիատում 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտություններում նոր փոփոխություններ են եղել

Կառավարությունը հունվարի 16-ի նիստում ընդունեց զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորումներին վերաբերող նախագիծը։ Դրանով ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի համաձայն՝ կարգավորվում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները։ Հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով՝ էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով։

Պապիկյանը նոր համակարգի ներդնումը կարևորում է նաև այն պատճառով, որ համակարգը ավտոմատ կերպով կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել։ Կան հիվանդություններ, որոնք ունեն արտահայտման թույլ, միջին և բարևր ձև։ Դրանով կրկնակի փորձաքննությունների թիվը կնվազի։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ զորակոչի ժամանակ արդեն 1800-ից ավել զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության։ Նոր համակարգը կարող է 90 տոկոսով նվազեցնել կրկնակի փորձաքննությունների քանակը։