ՀայաստանՌազմական

Զինծառայողների հիմնադրամի գումարները կփոխանցվեն առողջության ապահովագրությանը

Կառավարությունը 2026 թվականի համընդհանուր առողջապահական ապահովագրությունը կֆինանսավորի «Զինծառայողների ապահովության ազգային հիմնադրամի» միջոցների մի մասով, ինչը անորոշություն է ստեղծում Հիմնադրամի շահառուների ապագա ֆինանսավորման շուրջ։ Առողջապահության ապահովագրությունը գործարկվելու է 2026 թվականին՝ առաջին փուլում ընդգրկելով մինչև 18 տարեկան երեխաներին և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին։ Որոշումը հիմնավորվում է ԵՄ սոցիալական և առողջապահական ստանդարտներին մոտենալու անհրաժեշտությամբ։

Սակայն այն առաջացնում է մի շարք հարցեր՝ արդյո՞ք այդ քայլը չի վնասի ԶԱԱՀ-ի շահառուներին, ինչի՞ համար է ընտրվել հենց զինվորական հիմնադրամը, և արդյո՞ք մենք տեսնում ենք ապահվագրության ֆինանսավորման իրական պատկերը։

ԶԱԱՀ-ը վերջին տարիներին դարձել է պետության սոցիալական համակարգի առանցքային օղակներից մեկը։ 2017-2024 թվականներին հատուցումներ են տրամադրվել 5,345 զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին։ 2017–2025 թվականների ընթացքում հավաքագրված ընդհանուր միջոցները կազմել են 222,9 մլրդ դրամ, իսկ միայն 2024-ին՝ 45,4 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում հատուցումներ են տրամադրվել 105 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ այս դեպքում շուրջ 117 մլրդ դրամի ավելցուկ կա հիմնադրամի բյուջեում։

Հիմնական հարցն այն է, արդյո՞ք կառավարությունը առողջապահության ապահովագրությանը կուղղի ԶԱԱՀ-ի մնացորդը, թե զինծառայողներին տրվող գումարը կպակասի կամ կկրճատվեն շարունակական փոխհատուցումները։ Հիմնադրամի միջոցները քաղաքացիների պարտադիր մուտքերով են ձևավորվում, և դրանք ունեն շատ կոնկրետ նպատակ։

Կառավարությունը չի բացատրել՝ ինչու է առողջապահության ապահովագրությունը ֆինանսավորելու համար ընտրվել հենց ԶԱԱՀ-ն։ Անորոշությունը աճում է նաև այն պատճառով, որ հստակ թվեր չեն ներկայացվում, ինչը կարող է ցույց տալ, որ ապահովագրությունը իրականացնող ընկերությունը դեռևս ֆորմալ բյուջե չունի։

Առաջին փուլում առողջապահության ապահովագրություն կտրվի շուրջ 900 հազար քաղաքացու։ Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը պահանջում է մոտ 60 մլրդ դրամ տարեկան ֆինանսավորում։ Նախարարությունը չի բացատրել՝ քանի տոկոսը կկազմի ԶԱԱՀ-ից։ Հայաստանի նման քայլերը հաճախ հիմնավորվում են ԵՄ չափանիշներին համապատասխանությամբ, սակայն փորձագետները հիշեցնում են, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները երկարատև և համակարգային գործընթաց են։ Վրաստանը 2022-ին դիմել էր անդամակցության համար, մեկ տարի անց ստացավ թեկնածուի կարգավիճակ, իսկ Թուրքիան թեկնածու է արդեն 25 տարի՝ առանց իրական առաջընթացի։ Այնուամենայնիվ՝ կառավարության քայլը կարող է դիտվել որպես սոցիալական բարեփոխման փորձ, սակայն առանց հստակ թվերի և բացատրությունների՝ այն մնում է ռիսկային, հատկապես ԶԱԱՀ-ի շահառուների համար։